Մենք մտադիր ենք արժեք ստեղծել բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ աջակցելով այն հասարակությունների սոցիալ-տնտեսական զարգացմանը, որտեղ իրականացվում է ձեռնարկատիրական գործունեությունը: Որպես համայնքի հետ փոխգործակցության մեր ռազմավարության ենթաբազմություն՝ նվիրատվությունները հանդիսանում են այդ արժեքի ստեղծման անբաժանելի մասը: Տարիների ընթացքում մեր նվիրատվությունները և համայնքային այլ ներդրումներն առանձին բարեգործական նախաձեռնություններից վերաճել են երկարաժամկետ, խմբային ծրագրերի, որոնք սերտորեն կապված են գործարար առաջնահերթությունների և նյութական հարցերի հետ: Մենք առաջնահերթ ենք համարել հետևյալ ծրագրային ոլորտները, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր շուկաներում, այսինքն՝
Համայնքի ճկունություն, ներառյալ աղետների հետևանքների վերացումը և վերականգնումը
Անվտանգ ջրի կայուն հասանելիություն մեր համայնքների համար
Երիտասարդների և կանանց տնտեսական իրավունքների և հնարավորությունների հզորացում
Փակ տնտեսության ծրագրեր և նախաձեռնություններ
Տեղական նշանակության բարեգործական նախաձեռնություններ
Սույն քաղաքականությունը մշակվել է արտացոլելու համար շրջանակը, գործընթացները և վերահսկողության միջոցները, որոնք պետք է կիրառվեն՝ արդար և բարեխիղճ կերպով բարեգործական գործունեության իրականացումն ապահովելու և մեր հիմնական արժեքներն ու համայնքային մոտեցումն արտացոլելու նպատակով:
Սույն քաղաքականության մեջ օգտագործվող «նվիրատվություններ» եզրույթը վերաբերում է դրամական կամ բնեղեն (ներառյալ մեր արտադրանքը) բարեգործական ներդրումներին: Այն չի ընդգրկում Խմբի կամ տեղական մակարդակով Լիազորությունների մասին կանոնադրության համաձայն հաստատված որոշակի նախագծերի ֆինանսավորման նախաձեռնությունները և/կամ նվերները կամ այլ ներդրումներ, որոնք առաջարկվում են որևէ երրորդ անձի հետ գործարար հարաբերություններ զարգացնելու/հաստատելու նպատակով:
Սույն քաղաքականությունը չի ներառում առևտրային հովանավորության (օրինակ՝ դրամական միջոցների կամ անվճար արտադրանքի տեսքով ներդրում, որը տրամադրվում է հաճախորդներին/սպորտային հաստատություններին և կազմակերպություններին՝ մեր ապրանքանիշերի ցուցադրման/խթանման դիմաց) հարցումները և բարեգործության հիմքով շուկայավարման գործունեությունը, ինչպես նաև աշխատակիցների կողմից իրենց անձնական կարգավիճակով կատարված նվիրատվությունները:
Նպատակը
Մենք ընդունում ենք մարդկանց, մշակույթների և սոցիալական կարիքների բազմազանությունը: Նվիրատվություններ կատարելով՝ մենք նպատակ ենք հետապնդում նպաստել կյանքի որակի բարելավմանը՝ ընտրված շահառուների երկարաժամկետ և կայուն աջակցության միջոցով: Ավելին, մենք աջակցում ենք նվիրատվություններում մեր աշխատակիցների ներգրավմանը և դրանով իսկ՝ համայնքի հետ փոխգործակցությանը:
Ընտրության չափանիշներ
«Կոկա-Կոլա ՀԲՔ»-ն աջակցում է միայն հետևյալ հենասյուներից մեկին վերաբերող նախաձեռնություններին. համայնքի ճկունություն, ներառյալ աղետների հետևանքների վերացումը և վերականգնումը, անվտանգ ջրի կայուն հասանելիություն մեր համայնքների համար, երիտասարդների և կանանց տնտեսական իրավունքների և հնարավորությունների հզորացում, փակ տնտեսության ծրագրեր և նախաձեռնություններ կամ տեղական նշանակության բարեգործական նախաձեռնություններ: «Կոկա-Կոլա ՀԲՔ»-ի նվիրատվությունների բոլոր ստացողները պետք է լինեն գրանցված ոչ առևտրային կազմակերպություն, հավաստագրված դպրոց, հիվանդանոց կամ այլ ուսումնական կամ սոցիալական հաստատություն: Մենք նախընտրում ենք այն կազմակերպությունները, որոնք․
(ա) ունեն երկարաժամկետ նպատակներ և խնդիրներ, որոնք իրազեկվում են հանրությանը,
(բ) հանձնառու են կայուն զարգացմանը,
(գ) հայտնի փորձագետներ են այն ոլորտում, որի համար կատարվում են նվիրատվությունները,
(դ) խրախուսում են շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը և կամավորությունը և
(ե) թափանցիկ կերպով են ծավալում իրենց գործունեությունը և հրապարակայնորեն հաշվետու են դրա վերաբերյալ:
«Կոկա-Կոլա ՀԲՔ»-ն նվիրատվություններ չի կատարում․
(ա) անհատներին, կրոնական, քաղաքական կամ օրենսդրական կազմակերպություններին,
(բ) կազմակերպություններին, որոնք խտրականություն են դրսևորում ռասայի, մաշկի գույնի, ազգային պատկանելության, դավանանքի, կրոնի, սեռի, գենդերային ինքնության և/կամ արտահայտման, ազգային ծագման, քաղաքացիության, տոհմական ծագման, սեռական կողմնորոշման, տարիքի, հղիության, հաշմանդամության կամ քաղաքական պատկանելության հիման վրա,
(գ) կազմակերպություններին, որոնք լիովին չեն հարգում մարդու իրավունքները՝ գործարարության և մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի սկզբունքների և ԱՄԿ կոնվենցիաների բանաձևերի համաձայն,
(դ) կազմակերպություններին, որոնք անմիջական առնչություն ունեն մոլախաղերի, սպառազինության, ծխախոտի և հանգստացնող կամ անօրինական թմրանյութերի հետ, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնք հատուկ նախատեսված են թմրամոլության կամ թմրանյութերի չարաշահման դեմ պայքարելու համար,
(ե) տեղական պրոֆեսիոնալ մարզաձևերի, ընտանեկան հավաքույթների, գեղեցկության մրցույթների կամ առևտրային շոուների համար,
(զ) կազմակերպություններին, որոնք հակասում են «Կոկա-Կոլա ՀԲՔ»-ի գործարար սկզբունքներին և Գործարար վարքագծի կանոնագրքին,
(է) շրջակա միջավայրի կամ կենսաբազմազանության վրա վնասակար ազդեցություն ունեցող նախագծերի համար,
(ը) կազմակերպություններին, որոնք չունեն պատշաճ իրավունակություն և ներգրավված են եղել հանցավոր գործողություններում կամ
(թ) նախագծերի համար, որոնք ստեղծում են կաշառքի, ատկատի, այլ կոռուպցիոն պրակտիկայի երևութականություն կամ նախագծերի համար, որոնք պահանջում են ներդրումների վերաբերյալ գաղտնիություն:
Բոլոր նվիրատվությունները կատարվում են «Կոկա-Կոլա ՀԲՔ»-ի հայեցողությամբ: «Կոկա-Կոլա ՀԲՔ»-ն իրեն իրավունք է վերապահում մերժել աջակցության ցանկացած հարցում:
Կառավարում
Սույն քաղաքականության շրջանակներում նվիրատվությունները կարող են կատարվել միայն որոշումների կայացման հետևյալ գործընթացի համաձայն.
Ի հավելումն Երկրում գլխավոր տնօրենի կամ Բարձրագույն ղեկավար կազմի անդամի հավանությանը, նվիրատվությունները պետական հաստատություններին և/կամ պետական պաշտոնյաների հետ ուղղակի առնչություն ունեցող կազմակերպություններին պետք է հաստատվեն Գործարար վարքագծի կանոնագրքի Հաստատման պորտալի միջոցով՝ էթիկայի և համապատասխանության հարցերով համապատասխան պաշտոնյայի կողմից (համապատասխան հարցումը կարող է ներկայացվել Երկրում գլխավոր տնօրենի կամ Բարձրագույն ղեկավար կազմի անդամի կողմից կամ անունից):
Կորպորատիվ հարցերի և կայուն զարգացման թիմը, որն առաջարկում է նվիրատվությունը, պետք է ստուգի, թե արդյոք ստացողը պետական հաստատություն է կամ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունի պետական պաշտոնյաների հետ՝ հանրությանը հասանելի տվյալներ հավաքելու և/կամ համապարփակ ստուգում իրականացնելու միջոցով (նաև երրորդ անձի ցանկացած հասանելի գործիքի/հարթակի օգնությամբ): Կասկածների դեպքում խորհրդակցել էթիկայի և համապատասխանության հարցերով համապատասխան պաշտոնյայի հետ:
Հետևյալ նվիրատվությունները չեն պահանջում Գլխավոր տնօրենի, Խմբի բարձրագույն ղեկավար կազմի անդամի կամ էթիկայի և համապատասխանության հարցերով համապատասխան պաշտոնյայի նախնական հաստատումը.
(ա) տարեկան մինչև 10 պալետի չափով անվճար արտադրանքի նվիրատվություն (ոչ ալկոհոլային արտադրանք) նույն ստացողին,
(բ) տարեկան մինչև 10,000 եվրո արժողությամբ ոչ ֆինանսական նվիրատվություններ նույն ստացողին,
(գ) տարեկան մինչև 10,000 եվրո արժողությամբֆինանսական նվիրատվություններ նույն ստացողին։
Ոչ մի դեպքում չի թույլատրվում որևէ նվիրատվություն կատարել հետևյալ հանգամանքներում՝ անկախ սահմանաչափից.
«Կոկա-Կոլա ՀԲՔ»-ի համար ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհարկի գործարար օգուտ կամ առավելություն ստանալու կամ գործարար անբարենպաստ դրությունից խուսափելու նպատակով,
պետական պաշտոնյայի կամ որևէ կազմակերպության, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է պետական պաշտոնյայի հետ, որը կարող է ազդել «Կոկա-Կոլա ՀԲՔ»-ի ընթացիկ կամ ակնկալվող որևէ հարցի վրա կամ որևէ պետական պաշտոնյայի կողմից պետական գործողությունները կամ ծառայությունները «դյուրացնելու» կամ արագացնելու նպատակով (օրինակ՝ թույլտվությունների, հաստատումների կամ արտոնագրերի դիմումներ, մաքսազերծում, աշխատանքի թույլտվություն կամ այլ դիմումներ կամ պետական ստուգումներ, պայմանագրերի կնքման բանակցություններ, մրցույթներ և մատակարարների ընտրության գործընթացներ),
այն դեպքում, եթե չափազանցված է, անհիմն կամ տեղին չէ տվյալ հանգամանքներում կամ արգելված է տեղական օրենսդրությամբ,
կանխիկ դրամական միջոցների կամ դրանց համարժեք միջոցների ցանկացած նվիրատվության համար (օրինակ՝ նվեր քարտեր կամ օրական/կանխիկ դրամավճարներ):
Համապատասխան ծախսերը (բացառությամբ անվճար արտադրանքի նվիրատվությունների) պետք է գրանցվեն հաշվապահական հաշվառման համապատասխան գրքում:
Բոլոր ներդրումները պետք է փաստաթղթավորվեն գրավոր, ներառյալ ներդրման նպատակն ու խնդիրները, նախատեսված ստացողը, իրավասության չափանիշները, վճարման չափը և պայմանները, ինչպես նաև ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն:
Հօգուտ պետական հաստատությունների կատարվող բոլոր բարեգործական նվիրատվությունները պետք է տրամադրվեն գրավոր պայմանագրի հիման վրա: «Կոկա-Կոլա ՀԲՔ»-ն ունի վճարման ստանդարտ պայմաններ, որոնք կիրառվում են նվիրատվությունների նկատմամբ:
Գնահատում
«Կոկա-Կոլա ՀԲՔ»-ն երաշխավորում է, որ դիմողները պահպանում են (շարունակում են պահպանել) «Կոկա-Կոլա ՀԲՔ»-ի նվիրատվությունների քաղաքականության պայմաններն ու նպատակները: Ընկերությունը կանոնավոր երկխոսություն է վարում ստացող կազմակերպությունների հետ՝ իր նվիրատվությունների արդյունավետությունն ու ազդեցությունը գնահատելու, առկա նախագծերի կառավարումը բարելավելու և հետագա հնարավորությունները բացահայտելու նպատակով:
«Կոկա-Կոլա ՀԲՔ»-ն նաև հանձնառու է իրազեկել աշխատակիցներին և հանրությանն իր նվիրատվությունների և առավել լայն համայնքային գործունեության մասին՝ կամավորական նախաձեռնություններին աշխատակիցների և շահագրգիռ կողմերի մասնակցությունը խրախուսելու նպատակով:
Մենք առնվազն տարին մեկ անգամ վերանայում ենք սույն քաղաքականությունը՝ վերջին զարգացումները, շահագրգիռ կողմերի կարծիքները կամ քաղված այլ դասերն ինտեգրելու համար:
Մարչել Մարտին
Կորպորատիվ հարցերի և կայուն զարգացման գծով տնօրեն «Կոկա-Կոլա ՀԲՔ»
Թողարկման ամսաթիվ՝ 13 մարտի, 2025թ․
Ծանոթագրություն. Սույն քաղաքականությունը փոխարինում է 2020 թվականի դեկտեմբերի «Կորպորատիվ բարեգործական ներդրումների քաղաքականություն» վերնագրով նախորդ քաղաքականությանը: