1. Նպատակը
Սույն Քաղաքականության նպատակն է․
· խրախուսել սույն Քաղաքականության 6-րդ մասում նկարագրված անպատշաճ վարքագծի ցանկացած դրսևորման մասին հաղորդումը․
· ուղղորդել մտահոգությունները բարձրաձայնելու մասով․
· հաստատել գաղտնիության պահպանումը և պարզաբանել, որ իրական մտահոգություններ ունենալու դեպքում հարկավոր է բարեխղճորեն բարձրաձայնել դրանք՝ առանց վախենալու պատասխանատվությունից անգամ այն դեպքում, եթե պարզվի, որ դրանք իրականությանը չեն համապատասխանել։
2. Շրջանակը
Սույն Քաղաքականությունը վերաբերում է Ընկերությանը և Ընկերության դուստր ձեռնարկություններին և կիրառելի է բոլոր աշխատակիցների (ներառյալ՝ ժամանակավոր և պայմանագրային աշխատակիցների), պաշտոնատար անձանց, խորհրդատուների, փորձնակների, գործուղված աշխատակիցների և Ընկերության անունից հանդես եկող ներկայացուցիչների նկատմամբ։
Սույն Քաղաքականությունը չի կազմում Ընկերության հետ կնքված Ձեր պայմանագրի պայմանների մաս, որը Ձեզ տրամադրվում է առանձին։
3. Ազդարարի սահմանումը
Ազդարարը սահմանվում է որպես Ընկերության աշխատակից, պաշտոնատար անձ, խորհրդատու, փորձնակ, գործուղված աշխատակից կամ ներկայացուցիչ, ով հաղորդում կամ հրապարակայնորեն բացահայտում է ստորև՝ 6-րդ մասում սահմանված խախտումների վերաբերյալ տեղեկությունները, որոնք ձեռք է բերել իր աշխատանքային գործունեության բերումով: Այդ կապակցությամբ նման մարդիկ կարող են զգալ պաշտպանության կարիք, որպեսզի հաղորդում ներկայացնելու համար հետապնդման չենթարկվեն։ Թեև ազդարարը կարող է նախընտրել մնալ անանուն, բայց Ընկերությունը խրախուսում է ազդարարներին հաղորդում ներկայացնելիս նշել իրենց անունը՝ այն գաղտնի պահելու պայմանով։
4. Ինչի՞ մասին հաղորդել
Ազդարարում՝ նշանակում է անհատի կողմից իր մտահոգությունների բարձրաձայնում՝ աշխատավայրում չարաշահումների կամ այլ ենթադրյալ իրավախախտումների կամ վտանգների վերաբերյալ, որոնք ազդում են մյուսների վրա։ Ստորև ներկայացված են այնպիսի խնդիրների օրինակներ, որոնց մասին կարելի է հաղորդել (ցանկը սպառիչ չէ)՝ ենթադրյալ խարդախություն, կոռուպցիոն վարքագիծ, հակամենաշնորհային և մրցակցության պաշտպանության մասին գործող օրենքների խախտում, անձնական տվյալների պաշտպանության և ընկերության համակարգերի անվտանգության կանոնների խախտում, մեկ կամ մի քանի անհատների առողջությունը և անվտանգությունը վտանգի տակ դնել, շրջակա միջավայրի վնասում, հանցագործության կատարում, իրավական կամ կարգավորող օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները չկատարելը, ինչպես նաև՝ վերը նշված դեպքերից որևէ մեկի վերաբերյալ տեղեկատվության կոծկում։
Եթե վստահ չեք՝ արդյո՞ք սույն Քաղաքականության շրջանակը տարածվում է այս կամ այն խնդրի վրա, խորհրդակցեք Էթիկայի և համապատասխանության պատասխանատուի հետ, ով կարող է նաև ուղղորդել Ձեզ՝ որտեղ կարելի է ստանալ ամբողջական և անաչառ տեղեկատվություն և խորհրդատվություն՝ ազդարարման համակարգի մասին տվյալ պետության օրենսդրությամբ ամրագրված ընթացակարգերի, իրավական պաշտպանության միջոցների և պաշտպանության վերաբերյալ։
Սույն Քաղաքականությունը չի վերաբերում Ձեր անձնական աշխատանքային խնդիրների հետ կապված մտահոգություններին։ Այդ խնդիրները պետք է լուծվեն «Բողոքների ներկայացման քաղաքականության» միջոցով (ըստ անհրաժեշտության), և այդ մասով համապատասխան ցուցումներ և աջակցություն կարող է տրամադրել Մարդկային և մշակույթ բաժնի տնօրենը։
5. Ինչպե՞ս հաղորդել խնդիրների մասին
Որևէ մտահոգություն ունենալու դեպքում խրախուսելի է այն նախևառաջ բարձրաձայնել ներքին կարգով: Սույն Քաղաքականության շրջանակներում մտահոգությունների մասին հաղորդումները կարելի է ներկայացնել անկախ գործող ահազանգման գծի միջոցով (առցանց՝ www.coca-colahellenic.ethicspoint.com և (կամ) հեռախոսազանգի միջոցով): Այս ծառայությունը հասանելի է այն բոլոր պետությունների լեզուներով, որտեղ գործունեություն է ծավալում Ընկերությունը:
Ձեր մտահոգությունների մասին կարող եք հաղորդել նաև անմիջապես Էթիկայի և համապատասխանության պատասխանատուին, Գլխավոր տնօրենին, բաժնի ղեկավարին, Աուդիտի գծով ավագ ղեկավարին՝ Գործարար վարքագծի կոդեքսի պահպանման և համապատասխանության գծով տնօրենին, Կորպորատիվ աուդիտի գծով ղեկավարին, Գլխավոր իրավաբանին կամ Աուդիտի և ռիսկերի կառավարման հարցերով կոմիտեի նախագահին։ Մտահոգությունները կարելի է ներկայացնել գրավոր կամ բանավոր (հեռախոսով կամ ձայնային հաղորդագրությունների համակարգով), ինչպես նաև՝ հաղորդում ներկայացնող անձի պահանջով՝ ողջամիտ ժամկետում նշանակված դեմ առ դեմ հանդիպման միջոցով։
Աուդիտի գծով ավագ տնօրենը՝ Գործարար վարքագծի կանոնագրքի պահպանման և համապատասխանության գծով տնօրենը, պատասխանատու է հնարավոր խախտումների մասին հաղորդումների և դեպքերի կառավարման համակարգի միջոցով ձեռնարկված միջոցառումների հաշվառումը վարելու համար, իսկ Կորպորատիվ աուդիտի գծով ղեկավարը պատասխանատու է ստացված բողոքների քանակի, բնույթի և կարգավիճակի մասին եռամսյակային զեկույցներ Աուդիտի և ռիսկերի կառավարման հարցերով կոմիտե ներկայացնելու համար։
Ձեր հաղորդած խնդրով քննության ժամանակին իրականացումն ապահովելու համար՝ խորհուրդ է տրվում օգտվել հաղորդումների ներկայացման ներքին ուղիներից, բայց անհատները կարող են իրենց մտահոգությունների մասին հաղորդել նաև տվյալ պետության օրենսդրությամբ նշանակված իրավասու մարմիններին։ Այդուհանդերձ, Ընկերությունը խորհուրդ է տալիս Ընկերության մաս չկազմող որևէ մարմնին խնդրի մասին հաղորդելուց առաջ ստանալ ներքին խորհրդատվություն։ Անկախ խորհրդատվություն տրամադրող հաստատությունների մասին տեղեկություններ ստանալու համար՝ դիմեք Էթիկայի և համապատասխանության պատասխանատուին։ Տվյալ պետության տեղական օրենսդրությամբ կարող են սահմանվել այն մարմինները, որոնց կարելի է ներկայացնել օրենքով պաշտպանվող՝ իրավախախտումների մասին հաղորդումները։
6. Գաղտնիություն
Ընկերությունը կձեռնարկի բոլոր ողջամիտ նախազգուշական միջոցները՝ հաղորդում ներկայացնող անձի մասին տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու համար՝ մանրակրկիտ և արդար հետաքննություն անցկացնելու կանոններին և գործող օրենքներին համապատասխան։ Այս կամ այն հաղորդումը հասանելի կլինի միմիայն այն աշխատողներին, ովքեր պետք է պարտադիր տեղյակ լինեն տվյալ հաղորդման մասին։ Հաղորդումը ներկայացրած անձի տվյալներն առանց նրա հստակ համաձայնության չեն բացահայտվի որևէ մեկին՝ այդ հաղորդումը ստացող և դրա ընթացքին հետևող աշխատակիցներից բացի։ Անձնական տվյալները պետք է մշակվեն Տվյալների գաղտնիության քաղաքականությանը համապատասխան, իսկ հաղորդման քննության գործընթացում ներգրավված անձինք պետք է տեղյակ լինեն տվյալների պաշտպանության պահանջների մասին։
7. Վերապատրաստման դասընթացներ
Ազդարարման քաղաքականության վերաբերյալ պարբերաբար կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ։ Վերապատրաստման ուսումնական ծրագրի հետ կապված հարցեր ունենալու դեպքում դիմեք Էթիկայի և համապատասխանության հարցերով մասնագետին։ Վերապատրաստման դասընթացները պարտադիր են բոլոր աշխատողների համար, և նրանք այդ դասընթացներին պետք է վերաբերեն ամենայն պատասխանատվությամբ և նվիրվածությամբ։
8. Հաղորդումների քննության ընթացակարգեր
Սույն Քաղաքականության շրջանակներում ընգրկվող խնդիրների մասին բոլոր հաղորդումների վերաբերյալ կծանուցվի դրանց ստացման պահից ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում։ Բողոքների քննությունը կիրականացվի արագ, անաչառ և պատշաճ կերպով՝ Ընկերության կողմից հաստատված բողոքների քննության ուղեցույցներով նախատեսված կարգով։
Քննության արդյունքները կվերանայվեն համապատասխան կարգապահական հանձնաժողովի կողմից, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Քննության գործընթացի մանրամասն նկարագրությունը, ինչպես նաև՝ վարքագծի կանոնների խախտման դեպքերում նախատեսված կարգապահական միջոցների մասին տեղեկատվությունը կարելի է գտնել Գործարար վարքագծի կոդեքսի Քննության Գործընթացի Ուղեցույցում։
9. Պաշտպանություն
Ընկերությունը պարտավորվում է ապահովել, որ հաղորդման ենթակա վարքագծի մասին ազնվորեն և բարեխղճորեն իր մտահոգությունը բարձրաձայնած անձի համար բացասական հետևանքներ չեն լինի՝ պայմանով, որ հաղորդում ներկայացնելու պահին նա ողջամիտ հիմքեր է ունեցել ենթադրելու, որ այդ տեղեկատվությունը ճիշտ է և համապատասխանում է իրականությանը, և հաղորդումը ներկայացրել է սույն Քաղաքականությանը համապատասխան: Հաղորդմամբ բացահայտվող տեղեկատվությունից և հաղորդում ներկայացնող անձի գտնվելու պետությունից կախված՝ անձը կարող է օգտվել նաև ազդարարման համակարգի մասին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանությունից։ Պաշտպանության տակ գտնվող անձինք չպետք է հաղորդում ներկայացնելու հետևանքով վնասներ կրեն, օրինակ՝ ազատվեն աշխատանքից, նշանակվեն ստորադաս պաշտոնի, զրկվեն արտոնություններից, ենթարկվեն սպառնալիքների, հետապնդման, խտրական կամ կանխակալ վերաբերմունքի։ Ազդարարի անվտանգության հետ կապված մտահոգությունների առկայության դեպքում նա կարող է պահանջել արձակուրդ կամ աշխատանքի վայրի ժամանակավոր փոփոխություն, և այդ խնդրանքը պատշաճ կերպով կուսումնասիրվի։ Որևէ աշխատողի, պաշտոնատար անձի, խորհրդատուի կամ կապալառուի կողմից այս մասով նախատեսված դրույթների խախտումը կհամարվի Ընկերության Գործարար վարքագծի կոդեքսի խախտում, որի դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Եթե կարծում եք, որ ենթարկվել եք վերը նշված դրսևորումներով բացասական վերաբերմունքի, կարող եք բողոք ներկայացնել սույն Քաղաքականության հավելվածում նշված պաշտոնատար անձանցից որևէ մեկի միջոցով։
Եթե ցանկացած պահի պարզվի, որ դիտավորյալ կեղծ մեղադրանք եք ներկայացրել որևէ մեկի նկատմամբ, անմիջապես կզրկվեք այս ընթացակարգով տրամադրված պաշտպանությունից և կենթարկվեք Գործարար վարքագծի կոդեքսով նախատեսված կարգապահական պատասխանատվության։
Որևէ պայմանագրում կամ համաձայնագրում պարունակվող ցանկացած դրույթ, որը կարող է խոչընդոտել սույն Քաղաքականության շրջանակներում Ձեր մտահոգությունները բարձրաձայնելու իրավունքը, կհամարվի անվավեր։
10. Հետադարձ կապ
Հնարավորության դեպքում, եթե խնդիրը բարձրաձայնած անձի տվյալները հայտնի են, Ընկերությունը նրան տեղյակ կպահի հաղորդման քննության ընթացքի և հնարավոր ժամկետների մասին։ Թեև որոշ դեպքերում մենք չենք կարող երաշխավորել Ձեր կողմից ակնկալվող արդյունքը, բայց Ձեր խնդիրն անպայման կուսումնասիրենք արդարացի և պատշաճ կերպով։ Դուք ևս կարող եք օգնել մեզ այդ գործում՝ օգտվելով սույն Քաղաքականության դրույթներից։
Հաղորդման մասով որոշում կայացնելուց հետո Ձեզ կներկայացվի համապատասխան ծանուցում: Ազդարարման համակարգի մասին տվյալ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կամ հնարավորության դեպքում մենք կտրամադրենք հաղորդման քննության ընթացքի մասին տեղեկություններ հաղորդման ներկայացման պահից երեք ամսվա ընթացքում (կամ պատշաճ կերպով հիմնավորված դեպքերում՝ վեց ամսվա ընթացքում): Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերությունը ձգտում է գաղտնի պահել բոլոր հաղորդումների քննությունը, հնարավոր է, որ այն չկարողանա հաղորդում ներկայացրած անձին տեղեկացնել քննության որոշակի մանրամասների և արդյունքում ձեռնարկված կարգապահական միջոցների մասին։
Հաղորդման քննության և (կամ) դրա արդյունքների վերաբերյալ ստացված ցանկացած տեղեկատվություն հարկավոր է պահել խիստ գաղտնի։
11. Քաղաքականության խախտման համար նախատեսված պատժամիջոցներ
Այն դեպքում, եթե Ընկերության ցանկացած աշխատակից (ներառյալ՝ ժամանակավոր և պայմանագրային աշխատակիցները), պաշտոնատար անձ, խորհրդատու կամ ներկայացուցիչ խախտի այս Քաղաքականությունը, կհամարվի, որ նա խախտել է Գործարար վարքագծի կոդեքսը, և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
12. Գործընթացի թափանցիկություն
Ազդարարման բողոքների մշակման Ընկերության ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Ընկերության ներքին ցանցում և ներկայացված է Ընկերության Գործարար վարքագծի կոդեքսում։
13. Պատասխանատվություն
Սույն Քաղաքականության հաջողությամբ իրականացման համար պատասխանատու են բոլոր աշխատակիցները, ովքեր պետք է երաշխավորեն, որ օգտվում են սույն Քաղաքականությունից՝ ցանկացած ենթադրյալ վտանգի կամ խախտման մասին բարձրաձայնելու համար։ Աշխատակիցներին կոչ ենք անում ներկայացնել «Քաղաքականության» վերաբերյալ իրենց դիտողությունները և առաջարկել դրա կատարելագործման եղանակները: Բոլոր դիտողությունները, առաջարկները և հարցումները պետք է ուղղվեն Էթիկայի և համապատասխանության պատասխանատուին։
Սույն Քաղաքականությունը պարբերաբար վերանայվում է, և Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխել և վերանայել դրա բովանդակությունը։ Փոփոխություններ կարող են անհրաժեշտ լինել, եթե Ընկերության գործունեության եղանակում փոփոխություն տեղի ունենա շուկայական պայմանների կամ աշխատանքային օրենսդրության կամ այլ օրենսդրության փոփոխության պատճառով, որը պահանջի նաև սույն Քաղաքականության փոփոխություն։ Վերջին խմբագրությամբ սույն Քաղաքականությունը հասանելի է Ընկերության ներքին ցանցում և ինտերնետային կայքում՝ www.coca-colahellenic.com։
Բոլորը պետք է երաշխավորեն, որ իրենք գործում են սույն Քաղաքականությամբ ամրագրված խնդիրներին և նպատակներին համապատասխան։ Դուք պետք է ծանոթ լինեք Քաղաքականության դրույթներին և պահպանեք դրանք։
ՀԱՎԵԼՎԱԾ
Ստորև թվարկված են Ընկերության խմբի մակարդակով լիազորված պաշտոնատար անձինք, ում կարելի է ներկայացնել սույն Քաղաքականության հնարավոր խախտումների հետ կապված մտահոգությունները․
· Աուդիտի և ռիսկերի կառավարման հարցերով կոմիտեի նախագահ
· Գլխավոր իրավաբան
· Կորպորատիվ աուդիտի ղեկավար։