Ստորգետնյա ջրային պաշարների նվազող մակարդակը և ձկնաբուծարանների կողմից դրանց անվերահսկելի օգտագործումն առանց խմելու և ոռոգման ջրի կայուն մատակարարման է թողել Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 30 համայնք: Սակայն խնդրի լուծումը կարծես թե գտնվել է:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության և Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհնների ծրագրի համատեղ ուժերով վերակառուցվել է Հայանիստ համայնքի ոռոգման համակարգը՝ վերականգնելով ավելի քան 40 հա գյուղատնտեսական նշանակության հողերի ջրամատակարարումը: Հայանիստն առաջին գյուղն է, որտեղ համայնքային հողատարածքների ոռոգումն իրականացվում է մոտակա ձկնաբուծարանի հետադարձ ջրերի օգտագործմամբ:

Հակոբի այգին 8 տարվա ընդմիջումից հետո առաջին բերքն է տվել:

Այսօր արդեն կարելի է միանշանակ ասել, որ ծրագիրը հաջողված է, ինչի վառ ապացույցն է Հայանիստի բնակիչ Հակոբ Կոնդժարյանի ծիրանի այգուց ստացված մոտ 1.3 տոննա բերքը: Թիվը, գուցե, այնքան էլ մեծ չի թվում, սակայն պետք է հաշվի առնել, որ Հակոբի այգին 8 տարվա ընդմիջումից հետո առաջին բերքն է տվել:

«Վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ բերք եմ ստացել: Մինչև այդ այգիս չորանում էր: Դույլերով էի ջուր կրում, փորձում՝ գոնե ծառերի մի մասը պահպանել: Որոշ ծառեր անդառնալիորեն են վնասվել, պետք է նոր ծառատունկ անեմ: Եթե այս ջուրը չլիներ... հիմա այգիս լրիվ չորացած կլիներ»,- պատմում է ֆերմերը:

Նա նշում է, որ ավելի շատ բերք ստանալու հույս ուներ, սակայն ցրտահարությունը թույլ չի տվել. «Ցրտահարության պատճառով բերքը քիչ էր, բայց մոտ 1-1.2 տոննա շատ լավ որակի, շալախ ծիրան եմ ստացել, Դեղձն էլ է լավ բռնել, բերքի ծանրությունից ծառերս կոտրվում են»: 

Հակոբ Կոնդժարյանի ծիրանի այգին այս տարածքի համար բացառիկ է, քանի որ շրջակայքում այլ այգիներ չկան. հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ են մշակվում: Սրանից մոտ 8 տարի առաջ ֆերմերն այն հիմնել է էկո այգիների հիմնադրմանն աջակցող գրանտային ծրագրի միջոցներով: Սակայն հետագայում ոռոգման ջրի հարցը լուրջ խնդիրներ է առաջացրել՝ այգին հայտնվել է ոչնչացման եզրին:

Հակոբն անկեղծանում է՝ եթե ոռոգման հարցը չլուծվեր, գյուղից հեռանալու էր.

«Մինչև այս ծրագիրը, մինչև ոռոգման ջրի հարցի լուծվելը լրջորեն մտածում էի գյուղից հեռանալու մասին: Արդեն հույսս կտրել էի, որ մի օր Հայանիստում ոռոգման հարցը կլուծվի: Բայց այսօր, բարեբախտաբար, այլևս նման մտքեր ինձ չեն տանջում»:

Կոնդժարյանի 3300 մ2 հողատարածքի վրա այժմ մոտ 200 ծառ կա, որից մոտ 150-ը՝ ծիրանի: Խոսելով հետագա պլանների մասին՝ Հակոբը նշում է, որ կարող է այգին մեծացնել, տարածք ունի, սակայն նախևառաջ պետք է իրացման խնդիրը լուծել:

Հայանիստում իրականացված փորձնական ծրագիրն ապացուցեց, որ ձկնաբուծարանների ջրերը վերաուղղորդելով կարելի է միանգամից մի քանի խնդիր լուծել՝ ագրարային, էկոլոգիական և տնտեսական:

«Այգին կարող եմ ընդլայնել, ծառատունկ անել, բայց բացի դրանից՝ մթերքի իրացման խնդիր կա: Այս տարի ծիրանը հանձնեցի ընկերներիցս մեկին, չիր պատրաստեցին: Միայն տեսնեք ի՜նչ չիր ստացվեց: Մինչև իրացման խնդիրը չլուծեմ, ընդլայնվելու մասին չեմ մտածի: Մի խնդրի լուծումից հետո մյուսն է ծագում: Մինչև ոռոգման հարցը լուծելը, իրացման մասին չէի էլ անհանգստանում, բայց հիմա դա լուրջ խնդիր է՝ ծառացած իմ առջև»,- ասում է Հայանիստի բնակիչն ու երազում մի օր սեփական չրանոցն ունենալու մասին:

Ինչ վերաբերում է ձկնաբուծարանից ստացվող ջրին՝ Հակոբը պնդում է՝ շատ լավ որակի ջուր է: Ասում է՝ շատ են խոսում, թե «ձկնաբուծարանի ջուր է, բերքից ձկան համ-հոտ կգա», բայց նման բան չկա. «Ծիրանս շատ համեղ էր. փորձել էր պետք... Հարևան գյուղացիներն էլ են օգտվում, բոլորն էլ գոհ են: Դեռ դժգոհություն չեմ լսել»:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պաշարներն արագորեն կրճատվում են: Տարածաշրջանի մոտ 30 համայնք մնացել է առանց խմելու և ոռոգման ջրի:

Հայանիստում իրականացված փորձնական ծրագիրն ապացուցեց, որ ձկնաբուծարանների ջրերը վերաուղղորդելով կարելի է միանգամից մի քանի խնդիր լուծել՝ ագրարային, էկոլոգիական և տնտեսական: Ծրագրի կողմից մի քանի անգամ ստուգվել է ձկնաբուծարանի ջրի որակը՝ ոռոգման նպատակներով օգտագործվող ջրի որակի անհրաժեշտ ստանդարտների ապահովման համար:

Ծրագրի շահառու է մոտ 120 տնային տնտեսություն: Նոր համակարգը թույլ է տալիս ոռոգել մոտ 20 տարի անմշակ մնացած 40 հեկտար համայնքային հողատարածք: Ծրագիրը նպաստել է համայնքի և տեղական բիզնեսի միջև գործակցությանը, ինչպես նաև առաջիկա տարիներին Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ավելի ռացիոնալ օգտագործմանը: