Ստորգետնյա ջրային պաշարների նվազող մակարդակը և ձկնաբուծարանների կողմից դրանց անվերահսկելի օգտագործումն առանց խմելու և ոռոգման ջրի կայուն մատակարարման է թողել Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 30 համայնք:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության և Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհնների ծրագիրը խնդրի լուծման նորարարական տարբերակ են առաջարկել:

Նրանց համատեղ ուժերով վերակառուցվել է Հայանիստ համայնքի ոռոգման համակարգը՝ վերականգնելով ավելի քան 40 հա գյուղատնտեսական նշանակության հողերի ջրամատակարարումը: Հայանիստն առաջին գյուղն է, որտեղ համայնքային հողատարածքների ոռոգումն իրականացվում է մոտակա ձկնաբուծարանի հետադարձ ջրերի օգտագործմամբ:

Ծրագրի մասնագետ, կրթությամբ գյուղատնտես-բնապահպան-տնտեսագետ Նաիրա Երիցյանը պատմում է, թե ինչպես են այս միտքը հղացել ու կարողացել իրագործել ՀՀ-ում առաջին նման ծրագիրը:

 

«Մի քանի տարի առաջ «Զարգացման հայկական գործակալությունում» այս հարցը սուր դրվեց. պետք էր բարձրացնել ձկնաբուծարանների ջրերի օգտագործման արդյունավետությունը: Այն ժամանակ մենք մտածում էինք փակ համակարգերի կամ ջրի երկրորդային օգտագործման մասին: Այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարեցինք»,- հիշում է Նաիրան ու շարունակում, որ հենց այդ ժամանակ էր, որ Սամվել Սահակյանն առաջին անգամ բարձրաձայնել է ձկնաբուծարանների ջուրը դեպի դաշտերն ու այգիներն ուղղելու գաղափարի մասին:

«Մեր գրունտային ջրային պաշարը պոմպերով հանվում է, ձկնաբուծարարններից հետո լցվում է Արաքսն ու գնում Թուրքիա: Սամվել Սահակյանի առաջարկած ծրագիրն այն եզակիներից է, որ և՛ տնտեսապես, և՛ բնապահպանական տեսակետից շահավետ է: Արդյունքում ունենում ենք օրգանական պարարտանյութերով հագեցած, հարուստ ջուր, որն ավելի էժան է, ֆիզիկաքիմիական հատկություններով ավելի լավն է, բնապահպանական խնդիր չի առաջացնում»: 

«Զարգացման հայկական գործակալությունը» գաղափարը ներկայացրել է ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի ազգային համակարգող Հովհաննես Ղազարյանին, որն անմիջապես հավանության է արժանացրել այն, բայց 2 պայման է առաջադրել. նախ՝ ծրագիրը պետք է իրականացնի ՀԿ-ն, երկրորդ՝ համաֆինանսավորումը պարտադիր է:

«Սա պիլոտային ծրագիր էր, որի նպատակն էր՝ փորձել, տեսնել՝ արդյոք հնարավոր է օգտագործել ձկնաբուծարաններից դուրս եկող ջուրը: Արդյունքում համոզվեցինք՝ ծրագիրն իրականանալի է: Մեր փորձարարական կայանում 8000 մ2 հողի վրա տարբեր մշակաբույսեր ենք ցանել: Գյուղացիներին օգնեցինք վարել, մշակել տարիներով չօգտագործված հողը, սածիլներ-սերմեր հատկացրեցինք՝ բոլորը հայկական սորտերն են: Հիմա կարող ենք փաստել, որ արդյունքը կա, որը, հավատացեք, վատը չէ: Այստեղ սմբուկ, հայկական «Սոնա» սորտի բամյա, 4 սորտի լոլիկ ենք ցանել, արևածաղիկ, եգիպտացորեն, սեխ: Հիանալի բերք է ստացվել»,- ասում է Նաիրան ու առաջարկում համտեսել իրենց աճեցրած լոլիկը:

Նա շեշտում է, որ մինչև ջուրն այգիներն ուղղելը բազմաթիվ հետազոտություններ են արել, համոզվել, որ ոչ մի վտանգավոր նյութ չկա դրա կազմում: Մինչև վեգետացիոն շրջանի սկիզբը նաև հողն են հետազոտել, պարզել են, որ ազոտով աղքատ է, նաև թույլ աղկալման խնդիր կա, ինչն այս պարագայում նորմալ է, քանի որ հողը երկար ժամանակ չի մշակվել, և վերին շերտերում աղ է կուտակվել:

«Հիմա նորից հողը կհետազոտենք, հուսով ենք՝ աղակալման հարցում տարբերությունը զգալի կլինի: Պատրաստվում ենք նաև բերքի համա-հոտային հետազոտություն անցկացնել, որ վերջ տանք այն մտայնությանը, թե եթե ձկնաբուծարանի ջրով է ոռոգվում, մրգից պետք է ձկան համ գա: Հավատացեք, դա իրականությանը չի համապատասխանում: Անգամ ջրից հոտ չի գալիս»,- ասում է մասնագետը:

 

Նաիրա Երիցյանը նշում է, որ իրենց ծրագիրը փորձնական է եղել: Այժմ պատրաստվում են կոնկրետ առաջարկություններով դիմել Կառավարությանը՝ փորձելով հարցին լուծում տալ օրենսդրական կարգավորումների միջոցով:

«Իմ պատկերացմամբ կարելի է անգամ հարկային արտոնություններ տրամադրելով ձկնաբուծարաններին առաջարկել ջուրն ուղղել դեպի դաշտերը»,- ասում է նա՝ նշելով, որ սա խնդրի լուծման հնարավոր եղանակներից մեկն է միայն. «Կարելի է միջազգային դոնորներ գտնել, ներդրողներ ներգրավել»: