Վերակառուցվել է Հայանիստ համայնքի ոռոգման համակարգը՝ վերականգնելով ավելի քան 40 հա գյուղատնտեսական նշանակության հողերի ջրամատակարարումը:

Հայանիստի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանը ուրախությամբ արձանագրում է՝ ծրագրի շնորհիվ գյուղից արտագաղթի հոսքը նվազել է մոտ 50-60%-ով, իսկ հայանիստցու կյանքը՝ բարելավվել:

«Գյուղացին ապրում է հողագործությամբ: Եթե չի մշակում իր հողը և չունի ոռոգման ջուր, նա մտածում է արտագաղթելու մասին: Հայանիստի բնակիչը ոռոգման այս համակարգի շնորհիվ վերջապես հնարավորություն ստացավ մշակելու իր՝ տարիներով անտերության մատնված հողերը և մի կտոր հաց վաստակել», - ասում է համայնքապետը:

 

Ամբողջ Հայաստանը սնվում է Արարատյան դաշտի բերքով, նշում է նա և հավելում՝  այստեղ անգամ մի թիզ հողն անմշակ և առանց ոռոգման ջրի թողնելը հանցագործություն է:

Ստորգետնյա ջրային պաշարների նվազող մակարդակը և ձկնաբուծարանների կողմից դրանց անվերահսկելի օգտագործումն առանց խմելու և ոռոգման ջրի կայուն մատակարարման է թողել Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 30 համայնք: Սակայն խնդրի լուծումը կարծես թե գտնվել է: Հայանիստն առաջին գյուղն է, որտեղ համայնքային հողատարածքների ոռոգումն իրականացվում է մոտակա ձկնաբուծարանի հետադարձ ջրերի օգտագործմամբ:

«Ծրագիրը մեզ օգնեց մասամբ դիմագրավել դաշտավայրի աղակալող և դեգրադացվող հողերի մարտահրավերին», - ասում է Սարկիսյանը:

Նրա խոսքով՝ մի շարք ձկնաբուծական տնտեսությունների ջուրն անիմաստ վատնվում է՝ թափվելով Արաքս հասնում է Թուրքիա, մինչդեռ այս ջրերով կարելի է տասնյակ հեկտարներ ոռոգել:

Ոռոգման ցանցից օգտվող գյուղացիներն այս տարի կարողացել են հաջողությամբ իրացնել իրենց բերքը՝ հիմնականում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Հովտաշատ գյուղի շուկայում:

«Լինում էին դեպքեր, երբ գյուղացիները բերքը միանգամից իրացնում էին գյուղ բերող մայրուղու վրա՝ առանց բեռնափոխադրումների վրա ավելորդ գումար ծախսելու», - պատմում է Հայանիստի գյուղապետը:

Համայնքն ունի ավելի քան 300 հա մշակատարածք, մշակվում է դեռևս միայն 150 հա: Բալաբեկ Սարկիսյանը հույս ունի, որ ծրագիրը շարունակական կլինի և համայնքում անմշակ տարածք չի մնա: