#ԲացահայտիրԶարգացիրՀաղթիր՝ 300 երիտասարդ մասնակցել է Երևանում կայացած «Կյանքի հմտություններ» դասընթացին

Երևանում մեկնարկել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» նախագիծը: ՀՀ կրթության և գիտության նախարարության և  «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող եռամյա այս ծրագիրն ուղղված է երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը: Մինչև 2020-ը նախատեսվում է կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներով աջակցել 8000 երիտասարդի: Երևանում կազմակերպված «Կյանքի հմտություններ» մեկօրյա դասընթացին մասնակցել է 300 երիտասարդ:

 

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա Ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկը պատմում է նոր նախագծի մասին։

«Երիտասարդության զարգացումը մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության առանցքային ուղղություններից է: Խոշոր գործատու լինելով՝ բավական ամփոփ պատկերացում ունենք անձնային և մասնագիտական այն հմտությունների մասին, որոնք այսօր ավելի մեծ պահանջարկ ունեն հայկական աշխատանքային շուկայում: Կարծում ենք այս ծրագիրը կնպաստի մասնակից երիտասարդների կարիերայի զարգացմանն ու մասնագիտական ներուժի դրսևորմանը: Գրանցվածների թիվն արդեն հասել է 1900-ի և մենք շատ ուրախ ենք տեսնել այդպիսի ակտիվ արձագանք թե Երևանում, թե մարզերում բնակվող երիտասարդների կողմից, ինչն իրապես վկայում է ծրագրի արդիականության և անհրաժեշտության մասին»,- ասաց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

«Երիտասարդների զարգացում» ծրագրի առաջին փուլում մասնակիցները փորձառու մենթորների օգնությամբ ձեռք են բերում ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ, այդ թվում՝ մասնագիտական կապերի ստեղծման, հետադարձ կապի, ուղեկցող նամակ և CV գրելու, գործատուին ներկայանալու հմտություններ: Ծրագրի երկրորդ փուլում մասնակիցները կսովորեն բիզնես հմտություններ՝ ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն: Բացի Երևանից, դասընթացներն անցկացվում են նաև Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում: Շիրակի մարզում «Կյանքի հմտությունների» առաջին դասընթացն արդեն կազմակերպվել է, մասնակցել է 128 երիտասարդ: Մարզային դասընթացների հաջորդ կանգառը Լոռին է: Մասնակիցները և մենթորները կարող են միանալ ծրագրին առցանց լրացնելով համապատասխանաբար https://goo.gl/oRf48T և  https://goo.gl/qE9X3W էլեկտրոնային հայտերը:

Միջոցառման ընթացքում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջև:

«Կրթության և գիտության նախարարությունը կարևորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանի որ չի կարող լինել որակյալ կրթություն՝ առանց բիզնեսի հետ համագործակցության: Նախարարությունը նաև խրախուսում է այսպիսի նախաձեռնությունները, որովհետև կադրերին միշտ ընտրում է գործատուն: ԿԳՆ-ի դերակատարումը միայն նրանում է, որ հնարավորինս որակյալ կրթություն ապահովի, բայց կադրերի ուղղորդումը և վերապատրաստումն արդեն գործատուի միջոցով է իրականացվում:  Տեսնում եմ՝ ինչպես են  երիտասարդները ոգևորված, որն առավել քան ոգևորիչ է նաև նախարարության համար»,- նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը:

IAB Միջազգային Բիզնես Ակադեմիայի հիմնադիր և գործադիր տնօրեն, Արաքսյա Մարտիրոսյանը երիտասարդների հետ անցկացրեց ինքնաճանաչման և ինքնագնահատման դասընթացը

«Երիտասարդների զարգացում» ծրագրին գրանցումը, դասընթացների համակարգումը, ինչպես նաև կազմակերպչական բոլոր աշխատանքներն իրականացնում և համակարգում է «ԱՅ ԷՅ ԲԻ» Միջազգային Բիզնես Ակադեմիան:

«Ժամանակակից տնտեսական մարտահրավերների պարագայում միայն գիտելիքը բնավ բավարար չէ մասնագիտական ոլորտում հաջողության հասնելու համար։ Կյանքի հմտություններով զինված երիտասարդ մասնագետներն են հանդիսանալու Հայաստանի հանրային և մասնավոր հատվածի հենասյուները։ Մենթորների մասնակցությամբ իրականացվող դասընթացները այն նոր մոտեցումներից է, որը «ԱՅ ԷՅ ԲԻ» Բիզնեսի Միջազգային Ակադեմիան իր ավելի քան 18 տարվա փորձի արդյունքում արձանագրել է որպես առավել արդյունավետ։», նշեց IAB Միջազգային Բիզնես Ակադեմիայի հիմնադիր և գործադիր տնօրեն, Արաքսյա Մարտիրոսյանը: