Վեդի – հունիսի 5-ին, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի գործընկեր համայնքները՝ համագործակցելով Ծրագրի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հետ, նշեցին «Շրջակա միջավայրի համաշխարհային օրը»։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկությունն Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողության վերաբերյալ, նպաստել ջրօգտագործողների վարքագծի փոփոխությանը։

2018թ. մարտի 22-ին «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության աջակցությամբ մեկնարկել է «Ջուրը կյանք է. ամեն կաթիլը թանկ է» խորագրով միջոցառումների շարքը։  Ծրագրի գործընկեր Արարատի և Արմավիրի մարզերի 9 համայնքների` Այգավանի, Առատաշենի, Բերքանուշի, Բուրաստանի, Խաչփարի, Եղեգնուտի, Երասխահունի, Վեդիի և Փոքր Վեդիի ավելի քան 1200 բնակիչ  ակտիվ մասնակցություն է ունեցել այս արշավին։ Համայնքապետարանների և համայնքային ակտիվ խմբերի նախաձեռնությամբ և համայնքների բնակիչների ջանքերի շնորհիվ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ՝ հիշեցնելու մարդկանց ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման օրհասական անհրաժեշտության մասին։

Միջոցառումը մեկնարկեց Վեդի քաղաքի «Ամֆիթատրոնից», որտեղ  խոսքով հանդես եկան ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչները, Վեդի համայնքի ղեկավարը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ներկայացուցիչները։ Միջոցառմանը ներկա էին մոտ 500 մասնակից Ծրագրի գործընկեր համայնքներից` նախակրթարանների սաներ, դպրոցների աշակերտներ, մշակութի տների և արվեստի դպրոցների սաներ, համայնքի ղեկավարներ, Արարատի և Արմավիրի մարզպետարանների ներկայացուցչներ և այլ հյուրեր։ Տեղի ունեցան ներկայացումներ և ելույթներ, գեղանկարչական և լուսանկարչական ցուցահանդեսներ և մրցանակաբաշխություն։

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը՝ հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորերկրյա ջրերի արդյունահանման կրճատումն ապահովելու համար։ Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի (ՈւԿԶՀ)՝ «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի (ԱՋՀ) և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի (ԷԻԳՈւԿ) հետ համատեղ: