Մայիսի 22-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղում նշվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID/ԱՄՆ ՄԶԳ), «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» (Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա) ընկերության և Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի համատեղ ուժերով իրականացված ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ավարտը: ԱՄՆ ՄԶԳ-ի ջանքերն այս ուղղությամբ նպաստելու են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալի նվազեցմանն ու ռեսուրսի կայուն օգտագործմանը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պաշարներն արագորեն կրճատվում են: Տարածաշրջանի մոտ 30 համայնքներ մնացել են առանց խմելու և ոռոգման ջրի: Ոռոգման ջրի պակասը բացասաբար է ազդում ինչպես ֆերմերային տնտեսությունների, այնպես էլ երկրի գյուղատնտեսական ոլորտի և սննդի մատակարարման վրա:

Հայանիստն առաջին գյուղն է, որտեղ համայնքային հողատարածքների ոռոգումն իրականացվում է մոտակա ձկնաբուծարանի հետադարձ ջրերի օգտագործմամբ: Մասնավորապես՝ ոռոգման խնդրի լուծման նպատակով ձկնաբուծարանի ջրերի ելքի կետում կառուցվել է նոր պոմպակայան, տեղադրվել է նոր ոռոգման ցանց, իրականացվել է հողատերերի ուսուցում կայուն գյուղատնտեսության վարման թեմայով: Բացի այդ, ծրագրի կողմից մի քանի անգամ ստուգվել է ձկնաբուծարանի ջրի որակը՝ ոռոգման նպատակներով օգտագործվող ջրի որակի անհրաժեշտ ստանդարտների ապահովման համար:

 Ծրագրի շահառուներն են մոտ 120 տնային տնտեսություններ: Նոր համակարգը թույլ է տալիս ոռոգել շուրջ 20 տարի անմշակ մնացած 40 հեկտար համայնքային հողատարածք: Ծրագիրը նպաստել է համայնքի և տեղական բիզնեսի միջև համագործակցությանը, ինչպես նաև առաջիկա տարիներին Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ավելի ռացիոնալ օգտագործմանը:

Fish farms pump water back to community | Ձկնաբուծարանները ջուրը ետ են մղում համայնք

Համայնքի բնակիչների և գյուղապետի հետ միասին ծրագրի ավարտին նվիրված միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը, և պաշտոնատար այլ անձինք:

Դեսպան Միլսն իր ողջույնի խոսքում նշեց. «Հայանիստ համայնքի բնակիչները պետք է հպարտ լինեն, քանի որ ոռոգման այս մեթոդը՝ ձկնաբուծարանի ջրերի երկրորդային օգտագործմամբ, առաջին անգամ կիրառվել է իրենց համայնքում: Ծրագիրը ոչ միայն ապահովում է ոռոգման համար անհրաժեշտ ջուրը, այլ նաև նպաստում է ձկնաբուծարանների կողմից արտեզյան ջրերի ավելի արդյունավետ օգտագործմանը:

Ծրագրի շնորհիվ համայնքը ոռոգման համար լրացուցիչ ջրառ իրականացնելու կարիք այլևս չի ունենա: Այն թույլ է տալիս նվազեցնել հողերի դեգրադացիան, ինչպես նաև նպաստում է էլեկտրաէներգիայի խնայողությանը: Ձեր քայլերը կօգնեն պահպանել Հայաստանի համար կենսական նշանակության ստորերկրյա ջրային ռեսուրսները և զարգացնել գյուղատնտեսությունը տարածաշրջանում: Ծրագրի արդյունքը նորարարական լուծումների մի օրինակ է հանդիսանում, որը մշակվել և ներդրվել է բոլորիս՝ որպես գործընկերների և բարեկամների, համատեղ աշխատանքի շնորհիվ»:

Coca-Cola HBC Armenia GM Christoph Speck, U.S. Ambassador to Armenia Richard Mills, UNDP Resident Representative in Armenia Dmitry Mariyasin during the ASPIRED ribbon-cutting ceremony in Hayanist community | Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի Գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկը, ՄԱԿԶԾ ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ASPIRED բացման արարողության ժամանակ Հայանիստ համայնքում

Հյուրերը այցելեցին ձկնաբուծարանում կառուցված նոր պոմպակայանը և շրջայց կատարեցին դաշտերով՝ տեսնելու նոր ոռոգման ցանցը:

ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինն իր խոսքում ասաց. «Ձկնաբուծարանի հետադարձ հոսքերի երկրորդային օգտագործմամբ պիլոտային ծրագիրը նպաստում է բնապահպանական կայունությանը: Այն ոչ միայն կանխում է Արարատյան դաշտում ջրահեռացման մեծ ծավալների պատճառով հողի աղակալումը և գերխոնավ տարածքների ձևավորումը, այլ նաև նպաստում է լքված հողատարածքների մշակմանը, որը եկամտի աղբյուր կդառնա համայնքի բնակիչների համար: Հուսով ենք, որ այս պիլոտային ծրագիրը ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման օրինակ կհանդիսանա և հաջողությամբ կիրականացվի նաև Արարատի մարզի այլ համայնքներում»:

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն աջակցել է այս ծրագրի իրականացմանը ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ 2016 թվականի հուլիսին կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Հուշագրի նպատակն է աջակցել Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործընթացին, մասնավորապես՝ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանն ու կառավարմանը:

 

General Manager of the Coca-Cola HBC Armenia, Christoph Speck | Կոկա-Կոլա ՀԲՔ ԱՐմենիայի գլխավոր տնօրեն Քրիստոֆ  Շպեք
Համայնքին և նրա սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելը մեր կորպորատիվ մշակույթի կարևոր մասն է կազմում: Հպարտ ենք, որ մասնակից ենք այս կարևոր նախաձեռնությանը: Ծրագիրը մեզ համար հատկանշական է, որովհետև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության՝ կայունության ապահովման գործում ստանձնած հանձնառության հենասյուներից է: Ուրախ եմ տեսնել, որ բնակիչների մի մասն արդեն վերսկսել է հողատարածքների մշակումը, և համոզված եմ, որ այս համագործակցության շնորհիվ Հայանիստ համայնքում կշարունակվի կենսապայմանների բարելավումը: Քրիստոֆ Սփեք, Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն