ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի /ՀԱԱՊ/ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Բնությունը և սոցիալական կորպորատիվ պատասխանատվությունը» խորագրով քննարկում:

Հայաստանում իրականացվող բնապահպանական քաղաքականության և սոցիալական պատասխանատվության թեմաներով ելույթ է ունեցել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Ներկայացնելով Երկիր մոլորակի առաջադեմ հասարակության կողմից որդեգրած կայուն զարգացման գաղափարախոսությունը, որը ենթադրում է առաջին հերթին պատասխանատվություն հանրության, սերունդների և օրենքների առաջ՝ բնապահպանության նախարարը հատկապես շեշտել է դրա համատեքստում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքի իրագործումը։ «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բիզնես գործառույթը միտված է տնտեսական, սոցիալական և բնապահպանական բաղադրիչների համադրմանը՝ նպատակ ունենալով գտնել այնպիսի լուծումներ, որոնք շահավետ կլինեն և՛ տնտեսվարողի, և՛ հասարակության, և՛ պետության համար։ Չափազանց կարևոր է, որ շրջակա միջավայրը բարելավելու և բնությունը պահպանելու ծրագրերին մասնակցություն ունենան ընկերություններ, որոնք իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում կկարողանան աջակցություն ցուցաբերել ոլորտի տարբեր խնդիրների լուծմանը»,- նշել է Ա․ Մինասյանը և հավելել, որ շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության մեջ ներկայում այն առաջնային տեղ է զբաղեցնում։​

 

Որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իրացման հաջողված փորձ՝ ՀՀ բնապահպանության նախարարը ներկայացրել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» ընկերության օրինակը, որը կարևոր աջակցություն է ցուցաբերել Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ջրի ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման և դրանց առցանց դիտարկման կարողությունների ստեղծման գործընթացում։ 

Նախարարը ներկայացրել է նաև բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները և սկզբունքները, որոնք միտված են շրջակա միջավայրի պահպանության արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման սկզբունքների ապահովմանը:    Իր ողջույնի խոսքում ՀԱԱՊ-ի նախագահ Արա Հովսեփյանը նշել է․ «ՀԱԱՊ-ը խրախուսում է լավագույն գործարար փորձի ներդրումը Հայաստանում, մասնավորապես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասով՝ ՀԱԱՊ-ի ներքո նախաձեռնած «Պատասխանատու գործարարություն» հարթակի վրա: Այս քննարկումը շեշտադրում է բնապահպանական քաղաքականության կարևորությունը, և ՀԱԱՊ-ը խրախուսում է բոլոր ոլորտներում գործող ընկերություններին և հատկապես հանքարդյունաբերության ոլորտում, առաջնահերթություն տալ կայուն զարգացմանը: 

 Միայն կառուցողական երկխոսությունը ՀՀ կառավարության, արդյունաբերության ներկայացուցիչների և ներդրողների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև կարող է զարգացնել իրավական դաշտը, որը կհամապատասխանի միջազգային պատասխանատու հանքարդյունաբերության լավագույն փորձին: Իրավական դաշտը կպաշտպանի ոլորտի տնտեսական և սոցիալական շահերը և միաժամանակ կնվազեցնի շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա բացասական ազդեցությունը: «Արդյունաբերական ոլորտի թափանցիկության նախաձեռնության» (EITI) ստանդարտների ներդրումը կհանգեցնի թափանցիկ և հաշվետու պետական և մասնավոր համակարգերի հետագա զարգացմանը»։ 
     
ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը խոսել է բնապահպանական մշակույթի ներկա վիճակի, զարգացման մեխանիզմների և այդ ուղղությամբ գերատեսչության կողմից իրականացվող քայլերի մասին:   
ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Հայկանուշ Պարսամյանն ներկայացրել է «Բնապահպանական ժողովրդավարությունը և ընկերությունների իրավունքները» թեմայով զեկույցը: Ելույթներից հետո բանախոսները պատասխանել են քննարկման մասնակիցների հարցերին։