#ԲացահայտիրԶարգացիրՀաղթիր. ավելի քան 2600 մասնակից, 151 մենթոր և դասընթացավար, կյանքի և բիզնես հմտությունների 20-ից ավելի դասընթաց

Դեկտեմբերի 25-ին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն ամփոփել է «Երիտասարդների զարգացում 2019» նախագծի արդյունքները: Եռամյա ծրագիրը միտված է երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը՝ կյանքի և բիզնես հմտությունների անվճար դասընթացներ կազմակերպելու միջոցով: 2018 թվականին մեկնարկած նախագիծն արդեն ներգրավել է 4700 երիտասարդի Երևանից և մարզերից՝ նպատակ ունենալով մինչև 2020-ի ավարտը այդ թիվը հասցնել 8000-ի:

«Այսօր ամփոփում ենք մեր «Երիտասարդների զարգացում» ծրագրի այս տարվա արդյունքները: Հպարտ ենք, որ կրկին կարողացել ենք հասնել տարվա համար սահմանված նպատակին. 2019-ին ավելի քան 2600 մասնակից է ներգրավվել  դասընթացներում: Մեզ համար առաջնային է եղել կյանքի և բիզնես հմտությունների դասընթացները հասանելի դարձնել հատկապես մարզերում բնակվող երիտասարդներին և ուրախ ենք նշել, որ այս տարվա մասնակիցների ավելի քան 68%-ը շրջաններից է եղել:

Կրկին շնորհակալություն ենք հայտնում բոլոր մենթորներին և դասընթացավարներին,ովքեր օգնել են մեզ հասնել այս տպավորիչ արդյունքներին՝ իրենց ժամանակն ու փորձը ներդնելով «Երիտասարդների զարգացում» ծրագրում, և, իհարկե, մեր գործընկերներին, ովքեր աջակցել են ուսումնական դասընթացների կազմակերպմանն ու իրականացմանը»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» հաղորդակցության և արտաքին գործերի տնօրեն Էլինա Մարգարյանը: Նա հատկապես շեշտել է պրոֆեսիոնալ մենթորների ներգրավվածության կարևորությունը «Երիտասարդների զարգացում» ծրագրի հաջողության համար:

2018-ին «Երիտասարդների զարգացում» ծրագրին մասնակցել է Երևանում և մարզերում բնակվող ավելի քան 2100 երիտասարդ՝ ձեռք բերելով ինքնազարգացման ու ինքնագնահատման հմտություններ, նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի, բիզնես պլանավորման, ինչպես նաև ֆինանսական գրագիտության հմտություններ: Այս տարի կազմակերպվել է 21 դասընթաց՝ Երևանից, Շիրակից, Տավուշից, Լոռիից, Կոտայքից, Արմավիրից, Արագածոտնից և Սյունիքից ավելի քան 2600 երիտասարդի հնարավորություն տալով զարգացնել կյանքի և բիզնես հմտությունները:

Ծրագրին միացել է 151 մենթոր և դասընթացավար՝ կիսվելով իրենց մասնագիտական փորձով և աջակցելով երիտասարդ մասնակիցներին:
«Երիտասարդների զարգացում 2019» ծրագրին գրանցումը, դասընթացների համակարգումը, ինչպես նաև կազմակերպչական բոլոր աշխատանքներն իրականացրել է ծրագրի գործընկեր «Մենեջմենթ Միքս» միջազգային բիզնես խորհրդատվական ընկերությունը, որը տեղակայված է Հայաստանում, Լիբանանում ու Կիպրոսում և գործունեություն է ծավալում աշխարհի 25 երկրում:

«Երիտասարդության հզորացումը բերում է կայուն փոփոխություններ ազգի համար: Հայաստանի ավելի քան 2500 երիտասարդ բացահայտեց «Կյանքի հմտություններ» և «Բիզնես հմտություններ» դասընթացների գործիքները: Շուրջ 40 դասընթացավար և 115 մենթոր  կամավոր սկզբունքներով ներգրավվեցին Հայաստանի շուրջ 10 քաղաքներում անցկացված դասընթացներում: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության կողմից ղեկավարվող այս ծրագիրը և դրա հաստատակամությունը` երիտասարդության զորացմանը, մեծ քայլ է հայ երիտասարդության զարգացման, ինչպես նաև հայ ազգի բարգավաճման համար» նշեց «Մենեջմենթ Միքսի» հիմնադիր Ռաֆֆի Սեմերջյանը:

«Երիտասարդների զարգացում 2019» նախագծի ավարտը նշելու և արդյունքներն ամփոփելու միջոցառմանը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» և «Մենեջմենթ Միքս» ընկերություններին միացել է ավելի քան 60 մենթոր և դասընթացավար: Նրանք հնարավորություն ստացան ծանոթանալ «Կոկա-Կոլա երջանկության գործարան» նորաբաց այցելուների կենտրոնին՝ բացահայտելով ընկերության պատմությունը, բիզնես և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությունը, ինչպես նաև շշալցման գործընթացը: