«Կյանքի» և «բիզնես» հմտություններ՝ Երևանում և մարզերում բնակվող հայ երիտասարդների համար՝ #ԲացահայտիրԶարգացիրՀաղթիր

 «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն՝ երիտասարդության զարգացման եռամյա ծրագիր, որի նպատակն է նոր հմտություններ սովորեցնել երիտասարդներին և նվազեցնել գործազրկության մակարդակը մեր երկրի երիտասարդ սերնդի շրջանում:

«Երիտասարդների գործազրկությունը ներկայումս ամենամեծ խնդիրներից է բազմաթիվ երկրներում: Դժբախտաբար, Հայաստանը բացառություն չէ: Իրավիճակը մասամբ պայմանավորված է գործատուների կողմից պահանջվող հմտությունների և երիտասարդների ունեցած գործնական գիտելիքի տարբերությամբ: Հասարակության պատասխանատու անդամ  և Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկը լինելով՝ մենք մեր պարտքն ենք համարում նպաստել երիտասարդների, հատկապես մարզերում բնակվողների կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մասնագիտական ներուժի դրսևորմանը»,- ասաց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

«Երիտասարդների զարգացում» ծրագրի առաջին փուլում մասնակիցները ձեռք կբերեն ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ, այնուհետև պրոֆեսիոնալ մենթորներից կսովորեն ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն: Բացի Երևանից, թրեյնինգներ կկազմակերպվեն նաև Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում:

«Աշխատաշուկան այսօր շատ արագ է փոփոխվում, իսկ կրթության ոլորտն ամենաիներտ համակարգերից մեկն է, քանի որ փոփոխությունները կապված են մարդկանց վերաբերմունքի փոփոխության հետ: Այս իմաստով կրթության ոլորտի համագործակցությունը գործարար միջավայրի և բիզնես կառույցների հետ շատ կարևոր է, որովհետև դրանք են, ի վերջո, հանդիսանում աշխատաշուկան և թելադրողն այն պայմանների, որ պետք է բավարարի կրթական համակարգը»,- նշեց ՀՀ կրթության և գիտության Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ հավելելով, որ հատկապես կարևորում է մարզերի երիտասարդների ներգարվումը Ծրագրում:

«Երիտասարդների զարգացում» ծրագրին գրանցումը, դասընթացների համակարգումը, ինչպես նաև կազմակերպչական բոլոր աշխատանքները կիրականացնի «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիան: Մենթորների գրանցումն արդեն սկսվել է: Ծրագրին միանալ և դրա կարևոր առաքելությանը սատարել ցանկացողները կարող են գրանցվել լրացնելով էլեկտրոնային հայտը: Առաջին տարում ծրագիրը պլանավորում է աջակցել 2100 մասնակցի 500-ը Երևանից, 1600-ը՝ մազերից: Մինչև 2020 թվականը նախատեսվում է այդ թիվը հասցնել 8000-ի:

«Գործազուրկներին կյանքի և բիզնես հմտությունների տրամադրման ծրագրի շրջանակում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»  ընկերության հետ համագործակցությունը  բխում է մեր հիմնական  նպատակից։ Վերջինս ենթադրում է մեր հայրենակիցներին մրցակցային առավելությունների տրամադրում ՝  զինելով 21-րդ դարի ժամանակից հմտություններով  և ուղղորդելով տնտեսապես արդյունավետ զբաղվածության, ինչը կբերի ՀՀ-ում հանրային և մասնավոր հատվածներում  տնտեսության ամրապնդմանը», նշեց IAB Միջազգային Բիզնես Ակադեմիայի հիմնադիր և գործադիր տնօրեն, Արաքսյա Մարտիրոսյանը: