Երևան – փետրվարի 1-ին, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերոթյան և ՀՀ բնապահպանության նախարարության միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որի գլխավոր նպատակն է բնակչության շրջանում աղբի կառավարմանն ուղված խնդիրների իրազեկվածության խթանումն ու աղբի տեսակավորման մշակույթի զարգացումը։

Համագործակցության շրջանակում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը Երևան և Թալին համայնքներում կտեղադրի պլաստիկ շշերի տեսակավորման աղբամաններ։ Հուշագրի համաձայն աղբամանների մի մասը կտեղադրվի Խաչքարերի պուրակում, իսկ հիմնական մասը՝ Թալին քաղաքում։

 

2018 թվականին բնապահպանության նախարարությունը հայտարարել է մեկ անգամյա օգտագործման պլաստիկի աստիճանական կրճատման նախաձեռնությունը։ Նախարարությունը միշտ պատրաստ է աջակցել այն կազմակերպություններին, որոնք նպաստում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ թափոնների կրճատմանը, վերամշակմանը և աղբի տեսակավորման մշակույթի զարգացմանը։
«Կոկա-Կոլա ընկերության համար թափոնների վերամշակման ու տեսակավորման թեման նոր չէ, այն ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություններից է։

2018-ին «Կոկա-Կոլա Ընկերությունը» մեկնարկել է «Աշխարհն առանց թափոնների» գլոբալ նախաձեռնությունը, որը միտված է պլաստիկ թափոնների նվազեցմանն ու դրանց վերամշակման խնդրի լուծմանը։ Նախորդ տարվա ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն արդեն հասցրել է իրականացնել հանդիպումներ ոլորտի առաջատարների հետ, ընդլայնելով այս ոլորտում հնարավոր համագործակցությունների շրջանակը և բարձրացնելով հանրային իրազեկությունը ։

«Այսօր ստորագրում ենք հուշագիր Բնապահպանության նախարարության հետ՝ ամրապնդելով մեր համագործակցությունը, ինչպես նաև ընդլայնելով «Աշխարհն առանց թափոնների նախագծի» շրջանակում իրականացվող միջոցառումները, ներառելով մարզերը։ Մենք հավատում ենք, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործել պատասխանատու կերպով և հասկանալ, որ յուրաքանչյուր դրական փոփոխություն սկսում է հենց մեզանից, որպես օրինակ ցանկանում եմ նշել, որ ընկերությունն արդեն վերամշակում է արտադրության ընթացքում առաջացած ներքին թափոնների ավելի քան 98%-ը:

Մենք միշտ պատրաստ ենք համատեղել ջանքերը այս կարևոր հարցի լուծմանն ուղղված միջոցառումների շուրջ և հուսով ենք, որ մեր դրական օրինակով կոգեշնչենք որոլտում գործող բոլոր շահառուներին և բիզնեսներին։», նշեց ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկը։

Իր 22-ամյա գործունեության ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը կատարել է ավելի քան 40 միլիոն եվրոյի ներդրում՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը: Ավելի քան 360 մասնագետից բաղկացած մեծ թիմն ուղղակիորեն ներգրավված է Ընկերության ամենօրյա գործունեությունում, իսկ 12.000-ից ավելի կորպորատիվ հաճախորդներն օգնում են արտադրանքն արագ հասցնել սպառողին: