Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեկը պատմել է 23 տարվա ընթացքում ընկերության գործունեության մասին՝ անդրադառնալով ինչպես ներկայիս ծրագրերին ու դրանց կարևորությանը, այնպես էլ արդեն իրականացված ծրագրերի արդյունքներին ու տարիների ընթացքում որդեգրած քաղաքականությանը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն առաջատար է Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ոլորտում: Վերջին 23 տարվա ընթացքում ընկերության ներդրումները կազմել են ավելի քան 25 մլրդ դրամ: Ո՞րն է Ձեր կարծիքով ընկերության հաջողության և կայուն զարգացման գաղտնիքը:

-Մարդիկ: Ընկերության հաջողության ոչ մի հստակ գաղտնիք չկա: Ընկերությունների միջև տարբերությունն այն է, թե որքանով են նրանք հոգ տանում իրենց աշխատակիցների, գնորդների, սպառողների և տվյալ համայնքի մասին: Ուստի մարդկային գործոնն է առանցքային: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայում» մենք կենտրոնանում ենք այս հավասարման բոլոր 4 բաղադրիչի վրա, ինչպես նաև չափում մեր առաջընթացն անկախ հետազոտությունների միջոցով՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք շարունակել կատարելագործվել:

Վերջերս ընկերության սոցիալական, տնտեսական և բնապահպանական ազդեցության վերաբերյալ անկախ ուսումնասիրություն է լույս է տեսել: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» համար ո՞րն է նման համապարփակ ուսումնասիրության հիմնական նպատակը: Արդյո՞ք այն կօգնի ուրվագծել ընկերության առաջիկա տարվա ռազմավարությունը:

-Հետազոտությունը մեզ, մեր գործընկերներին և այլ կազմակերպություններին ավելի հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե ով ենք մենք և ինչ ներդրում ունենք տնտեսության և տվյալ համայքի զարգացման գործում: Ուսումնասիրությունը չի սահմանում մեր ռազմավարությունը, բայց օգնում է հասկանալ այն և լավ հիմք ծառայում ռազմավարությունը մշակելիս:

Հետազոտությունը մանրակրկիտ ուսումնասիրել է ընկերության 2015-2017 թվականների գործունեությունը՝ հաշվի առնելով տարիների ընթացքում ստեղծված ընդարձակ արժեքային շղթան: Դուք բավարարվա՞ծ եք արդյունքներով: Ո՞րն է տնտեսական ազդեցության առավել շոշափելի ցուցանիշը, որով հպարտանում եք:

-Այո, նայելով զեկույցին՝ կարծում եմ՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» բոլոր աշխատակիցները, մատակարարներն ու գնորդները կարող են հպարտանալ: Սա միայն մեզ չի վերաբերում, այլ մի ամբողջ էկոհամակարգի, որտեղ տարբեր կազմակերպությունների հետ միասին արժեք ենք ստեղծում: Զեկույցին նայելիս ինձ ամենաշատը տպավորում է Հայաստանի տնտեսության համար մեր գործունեության կարևորությունը. մեր ներկայությունն ու համակարգը ստեղծում են ավելի քան 2300 աշխատատեղ և կազմում համախառն ավելացված արժեքի ավելի քան 0.21%-ը, մեր ֆիսկալ ազդեցությունը կազմում է երկրում վճարված ընդհանուր հարկերի 0.47%-ը:

«Կոկա-Կոլան» թերևս աշխարհի ամենահայտնի բրենդերից է, որի արտադրանքը վաճառվում է ավելի քան 200 երկրում: Ձեր ընկերության տեսականին մշտապես համալրվում է նոր ըմպելիքներով: Ի՞նչ կարող եք ասել հայ սպառողի մասին: Մեր պահանջներն ու նախասիրությունները համընկնո՞ւմ են այլ երկրներում սպառողների ցանկությունների հետ:

-Տարբեր երկրներում ապրող մարդիկ իսկապես յուրահատուկ ճաշակ, նախասիրություններ և պահանջներ ունեն: Սա հատկապես արտահայտվում է համերի կամ փաթեթավորման մեջ որոշակի նախասիրություններով: «Կոկա-Կոլան» բոլոր երկրներում ապահովում է զանազան փաթեթավորմամբ ըմպելիքների լայն ընտրանի այդ պահանջը բավարարելու համար, և Հայաստանն այս առումով բացառություն չէ:

Ասում են` Հայաստանում արտադրված «Կոկա-Կոլան» ամենահամեղն է շնորհիվ մեր ջրի որակի: Համաձա՞յն եք:

-Հայաստանում ջուրն իրոք շատ լավ որակի է, և մենք բոլորս պետք է միասին աշխատենք և հոգ տանենք այն պահպանելու համար: