Հուլիսի 13-ին Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ) քննարկել են թափոնների վերամշակման և փաթեթավորման լավագույն փորձն ու գլոբալ միտումները:

Տեղական և միջազգային կազմակերպություններից ոլորտի պատասխանատուներ հավաքվել էին թափոնների կառավարման աճող ճգնաժամի ու փորձի մասին խոսելու և Հայաստանում կենսական նշանակության այս խնդրի հնարավոր արդյունավետ լուծումները քննարկելու համար:

Իր բացման խոսքում ՀԱԱՊ գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը շեշտել է թափոնների վերամշակման, կառավարման և փաթեթավորման հետ կապված հարցերում միասնական մոտեցում ձևավորելու կարևորությունը: «Հույս ունենք, որ այս հանդիպումը հիմք կհանդիսանա քննարկման հարթակ ձևավորելու համար, որտեղ մեր անդամաները՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային, ակտիվ մասնակցություն կցուցաբերեն ոլորտի այլ պատասխանատուների հետ մեկտեղ»,- նշել է նա:

Հանդիպման նախաձեռնողը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն էր: Լինելով մասը մի Խմբի, որը վերջերս հանդես է եկել ոլորտում աննախադեպ հավակնոտ նպատակով՝ մինչև 2030-ը վերադարձնել և վերամշակել շուկաներում ներկայացված արտադրանքի փաթեթավորման 100%-ը՝ ընկերությունն ամեն օր ջանք է գործադրում նվազեցնելու իր արտադրանքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

«Թափոնների կառավարումը համաշխարհային ահռելի խնդիր է, որն արագորեն թափ է առնում: Ամեն տարի 8 միլիոն տոննա պլաստիկ է հայտնվում օվկիանոսներում՝ աղտոտելով մեր համայնքները և ոչնչացնելով բնական էկոհամակարգեր: Անհնար է միայնակ լուծել այս խնդիրը, պետք է բոլորս մեկտեղենք ուժերը՝ ներդնելով մեր փորձն ու ջանքերը: Այսօր հայ հասարակությունը սկսել է ակտիվորեն բարձրաձայնել թափոնների վերամշակման խնդիրը. մարդիկ ակնկալում են, որ մենք և նման ընկերությունները կառաջնորդենք այս գործընթացն ու կօգնենք աշխարհն ազատել աղբից»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

Գլոբալ միտումներից և հաջողված օրինակներից բացի,  ներկայացվել և քննարկվել են թափոնների սորտավորման և վերամշակման մի շարք պիլոտային նախագծերի արդյունքներ, հայկական շուկայի մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև թափոնների կառավարման ներքին փորձը՝ մասնակիցներին ներկա իրադրության և հնարավոր հեռանկարների մասին ավելի լավ պատկերացում կազմելու հնարավորություն տալով:
 
«Աղբահանության, թափոնների տեսակավորման, վերամշակման և նմանօրինակ բազմաթիվ հարցերը համակարգային լուծումներ են պահանջում՝ պետության, մասնավոր հատվածի և հասարակական կառույցների սերտ համագործակցությամբ մշակված և հետևողականորեն իրականացվող ծրագրերի միջոցով: Այսօր այս խնդիրը շարունակում է մնալ ակտուալ Հայաստանի համար, դա է պատճառը, որ այսօր բոլոր շահագրգիռ կողմերը հավաքվել են քննարկելու առաջիկա անելիքներն աղբահանությանն առնչվող խնդիրների ուղղությամբ»,- իր խոսքում նշել է  ՀԱԳՄ փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը: