#ԲացահայտիրԶարգացիրՀաղթիր՝ 2500 երիտասարդ Երևանից և մարզերից կմասնակցի «Կյանքի հմտություններ» և «Բիզնես հմտություններ» անվճար դասընթացների

Երևանում տեղի ունեցավ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում 2019» նախագծի մեկնարկը: ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկ տարի առաջ մեկնարկած եռամյա այս ծրագիրն ուղղված է երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը՝ կյանքի և բիզնես հմտությունների անվճար դասընթացներ կազմակերպելու միջոցով:

Այս տարի ծրագիրը մեկնարկել է ավելի քան 200 մասնակիցների համար կազմակերպված բաց դասով, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ Գեմաֆին Գասպարյանը և Արման Ուդումյանը, ծրագրի գործընկերներն ու մենթորները: Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Երիտասարդների զարգացում 2018-ի» արդյունքները, ներկայացվել են մասնակիցների և մենթորների հաջողության պատմությունները, քննարկվել են Հայաստանի աշխատանքային շուկայում առկա հիմնախնդիրները, զարգացման միտումները, հասանելի կրթական ծրագրերը, պահանջված մասնագիտացումներն ու հմտությունները:

««Երիտասարդների զարգացում» ծրագիրն իրականացնում ենք արդեն մեկ տարի շարունակ և շատ ուրախ էինք տեսնել, թե մասնակիցների, թե փորձառու մենթորների ակտիվությունը և հատկապես այն ոգևորությունը, որով ծրագիրն ընդունվեց հասարակության կողմից: Խոշոր գործատու լինելով՝ բավական լավ պատկերացում ունենք անձնային և մասնագիտական այն հմտությունների մասին, որոնք անհրաժեշտ են աշխատանք գտնելու համար և ուրախ ենք ամփոփել ծրագրի առաջին դրական արդյունքները» «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեք

2018-ին «Երիտասարդների զարգացում» ծրագրին մասնակցել է Երևանում և մարզերում բնակվող ավելի քան 2100 երիտասարդ՝ ձեռք բերելով ինքնազարգացման ու ինքնագնահատման հմտություններ, նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի, բիզնես պլանավորման, ինչպես նաև ֆինանսական գրագիտության հմտություններ: Այս տարի նախատեսվում է ներգրավել ևս 2500 մասնակից, իսկ մինչև 2020-ը՝ կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներով աջակցել 8000 երիտասարդի:

Ծրագրին գրանցումը, դասընթացների համակարգումը, ինչպես նաև կազմակերպչական բոլոր աշխատանքներն այս տարի իրականացնում և համակարգում է ծրագրի գործընկեր «ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍ» միջազգային բիզնես խորհրդատվական ընկերությունը:

«Lինելով միջազգային բիզնես խորհրդատվական և վերապատրաստման ընկերություն, մենք կարևորում ենք երիտասարադների հմտությունների շարունակական զարգացումը և ուրախ ենք «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի հետ համատեղ իրականացնել այս ծրագիրը: Այս ծրագիրը հատկանշական է մասնավորապես նրանով, որ սահմանամերձ շրջանների երիտասարդները ևս ներառված են ծրագրում: Մենք հավատում ենք նման կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի, որոնք նպաստում են այն միջավայրի բարելավմանը, որտեղ մենք ապրում և աշխատում ենք» «ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍ» միջազգային բիզնես խորհրդատվական ընկերությունը հիմնադիր Ռաֆֆի Սեմերջյան

Այս տարվա ընթացքում կազմակերպվող «Կյանքի հմտություններ» և «Բիզնես հմտություններ» անվճար դասընթացների համար մասնակիցների և մենթորների գրանցումն արդեն սկսված է: Ցակացողները կարող են հերթագրվել՝ առցանց լրացնելով https://goo.gl/QiR7Yd  և https://goo.gl/JwFChZ  էլեկտրոնային հայտերը:

«Երիտասարդների զարգացում» ծրագրի՝ «Կյանքի հմտություններ» մոդուլի շրջանակում մասնակիցները փորձառու մենթորների օգնությամբ ձեռք են բերում ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ, այդ թվում՝ մասնագիտական կապերի ստեղծման, հետադարձ կապի, ուղեկցող նամակ և CV գրելու, գործատուին ներկայանալու հմտություններ: «Բիզնես հմտություններ» մոդուլի մասնակիցները սովորում են ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն: