Եթե Արարատյան դաշտում չնվազեցվի ստորերկրյա ջրային պաշարների օգտագործումը, ապա ավելի շատ հայ ընտանիքներ կարող են մնալ առանց ջրի։

Արդեն իսկ ձկնաբուծարանների և այլ խոշոր ջրօգտագործողների կողմից ջրի չվերահսկման պատճառով Արարատի և Արմավիրի մարզերում շուրջ 30 համայնքներ չունեն խմելու և ոռոգման ջրի հուսալի պաշարներ։ Այնուամենայնիվ, ԱՄՆ ՄԶԳ-ն և իր գործընկեր «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն աշխատում են հակազդել այդ միտմանը։

ԱՄՆ ՄԶԳ-ն և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

Հուլիսի 18-ին ԱՄՆ ՄԶԳ-ն և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ շարունակելով հայ ժողովրդի հետ համագործակցությունը թանկարժեք ջրային ռեսուրսները պահպանելու ուղղությամբ։ Նոր համատեղ ծրագիրը կբարձրացնի հանրային իրազեկումն Արարատյան դաշտի ջրերի խնայողական օգտագործման կարևորության և կայուն կառավարման վերաբերյալ։

Համաձայնագրում ամրագրված է, որ հաղորդակցման և հանրային իրազեկման ոլորտում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի փորձը կաջակցի ԱՄՆ ՄԶԳ-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և կառավարում» ծրագրի աշխատանքներին։

Համագործակցությունը ներառում է հանրային իրազեկման միջոցառումներ և քարոզարշավներ 2018 և 2019 թվականներին՝ կրթելու երիտասարդներին և քաղաքացիներին տարածաշրջանի լուրջ մարտահրավերների, ինչպես նաև ջրային ռեսուրսների պատասխանատու և արդյունավետ կառավարման վերաբերյալ։           

«Ջրային ռեսուրսների պահպանության խնդիրը կարևոր մարտահրավեր է Հայաստանի համար: Մենք շատ ուրախ ենք աշխատել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ՝ բարձրացնելու հանրային իրազեկումը ջրային ռեսուրսների պահպանման կարևորության, ինչպես նաև Արարատյան դաշտի սակավ ջրային պաշարների կառավարման գործում»,- ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, ով ականատես եղավ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:

ԱՄՆ ՄԶԳ-ի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջև համագործակցությունը սկսվել է 2016 թ.՝ հետապնդելով Հայաստանում ջրային տնտեսության բարելավման ընդհանուր նպատակ։           

2016 և 2017 թվականներին ԱՄՆ ՄԶԳ-ի և«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» համատեղ ջանքերով վերականգնվեց Արարատի մարզի Հայանիստ գյուղի ոռոգման համակարգը, որը արտեզյան ջրերի խնայողական օգտագործմամբ համայնքի բնակիչների համար ոռոգումը դարձրեց առավել մատչելի: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառու դարձան 370 մարդ և հնարավոր դարձավ մշակել շուրջ մեկ տասնամյակ չմշակվող ավելի քան 40 հեկտար հողատարածք: Այս համագործակցությամբ ապահովվեց արտեզյան ջրերի մեկ միլիոն խորանարդ մետր տարեկան խնայողություն: Իսկ ձկնաբուծական տնտեսությունների վերամշակված ջրի օգտագործմամբ այն աջակցեց շուրջ 21 տոննա մրգերի, բանջարեղենի և ձավարեղենի արտադրությանը:

Այս հաջողությունների շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ-ն և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը որոշեցին ընդլայնել իրենց համագործակցությունը և այսօր ստորագրված Հուշագրի շնորհիվ ավելին կարվի:            «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» -ի գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեքն ասաց.

«Չկա կյանք առանց ջրի, և մենք հավատում ենք, որ յուրաքանչյուրի պարտքն է ձեռնարկել այս կենսական ռեսուրսի պաշտպանությանն ուղղված գործողություններ: Ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և նպաստել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ռեսուրսների պահպանմանն ուղղված գործողություններին: Աջակցելով ԱՄՆ ՄԶԳ-ի «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրին, մենք նպատակ ունենք փոխել համայնքի անդամների և հայ ժողովրդի վերաբերմունքը՝ բարձրացնելով ջրային և բնական ռեսուրսների ճգնաժամի վերաբերյալ իրազեկվածությունը և արդյունավետ օգտագործման կարևորությունը։ Մենք հավատում ենք, որ մեր համատեղ ջանքերով և համայնքի ներգրավվածությամբ մենք կարող ենք ապահովել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում»: